ՀՀ-ն իր ռազմաքաղաքական առաջնահերթություն է հռչակել ՀԱՊԿ-ի անդամակցումն ու խորացումն այդ դաշինքում. Է. Շարմազանով
Հոկտեմբերին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները Հայաստանի համար անսպասելի չեն եղել, և զարմանալի կլիներ, եթե դրանք չլինեին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, ՀՀ-ի նախագահության ժամանակ է ընդունվել ՀԱՊԿ-ի ռազմավարությունը: Սա նախապես պլանավորած զորավարժություն է եղել , որոնք եղել են և՛ նախկինում, և՛ այսօր, և՛ ապագայում էլ լինելու»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ՀՀ-ն իր ռազմաքաղաքական առաջնահերթություն է հռչակել ՀԱՊԿ-ի անդամակցումն ու խորացումն այդ դաշինքում.« Բնականաբար, նախօրոք պլանավորած զորավարժություններ են եղել: Մենք ՀԱՊԿ-ի ակտիվ ներկայացուցիչ ենք, և պետք չի զարմանալ, որ Հայաստանում տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի զորավարժություններ, կարելի էր զարմանալ, երբ որ տեղի չունենային»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ից 7-ն անցկացվելու են ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական, իսկ հոկտեմբերի 9-ից 13-ը՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունները։