Թուրքիայում քրդամետ գործիչներ են ձերբակալվել
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում ոստիկանական ուժերը հատուկ գործողության շրջանակում 3 քրդամետ գործչի են ձերբակալել, որոնք ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ են, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Քամուրան Բաբրաքը, Աբդուլլահ Թուրհանը և Բիրսեն Քարաթաշը ձերբակալվել են առավոտյան՝ իրենց տների վրա կազմակերպված գրոհի ու խուզարկության ժամանակ:
Նրանց առաջադրված մեղադրանքի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, քաղաքական գործիչները տարվել են Օսմանիեի ոստիկանության գլխավոր շտաբ:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Դեռևս անցյալ տարվա մայիսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: