Այն մարզերում, որտեղ մեծ թվով ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ կան, ՄԻՊ գրասենյակներն ուժեղացվել են. Արման Թաթոյան
ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց մարզերում գրասենյակների առկայության հետ կապված։
Նա նկատեց, թե անարդար է, որ մի մարզում ՄԻՊ-ը գրասենյակ ունի, մյուսում՝ ոչ:
Թաթոյանը համաձայնեց. «Ես համար մեկ շահագրգռված անձն եմ, որ ներկայացվածություն լինի բոլոր մարզերում: Բայց ինձ համար կարևոր սկզբունքն այն է, որ մարզային ներկայացուցիչը հստակ տիրապետի, թե ինչ խնդիրներ կան տվյալ մարզում մարդու իրավունքների հետ կապված»:
Նա նշեց, որ փորձում են այնպես անել, որ գոնե տվյալ մարզում եղած գրասենյակը նաև հարևան մարզի խնդիրներով զբաղվի:
«Այս փուլում փորձում ենք ուժեղացնել եղած գրասենյակները: Այն մարզերում հատկապես ուժեղացում արեցինք, որտեղ կան մեծ թվով ՔԿՀ-ներ, հոգեբուժական հաստատություններ և այլն: Բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է գոնե Տավուշի և Լոռու մարզերում ունենալ բաժիններ: Այս պահին ըստ հնարավորությունների շարժվում ենք առաջ»,-ասաց նա:
ՄԻ պաշտպանն ասաց, որ գրասենյակների բացակայության խնդիրն առաջին հերթին ֆինանսական է, սակայն կա նաև կադրային խնդիր: Արման Թաթոյանի խոսքով՝ եղած գրասենյակների պահպանման ծախսերն են փորձում կրճատել, օրինակ՝ գտնել պետական կառույցների շենքեր, որտեղ գրասենյակները կարող են գործել և այդպես գոնե տարածքի վարձ տալուց ազատվել: