Հուսով ենք՝ մոտ ժամանակներս Իրանի հետ կստորագրվի ազատ առևտրի մասին պայմանագիրը. Սերժ Սարգսյան
Հայաստանը հուսով է, որ մոտ ժամանակներս կստորագրվի Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնությամբ ազատ առևտրի գոտի ենք ստեղծել հենց Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում, և հաշվի առնելով այն փաստը, որ մյուս կողմից նույնպես գործում է ազատ տնտեսական գոտի, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ են առկա: Մենք ԵԱՏՄ-ի շրջանակում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման մասին: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս բանակցություններն արդյունավետ ավարտ կունենան, և մենք կստորագրենք համաձայնագիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Իրանը մեծ՝ 80 միլիոնանոց վճարունակ շուկա է, որտեղ կա «ԵԱՏՄ երկրներում արտադրվող արտադրանքի անհրաժեշտություն»:
Հարցին, թե արդյոք «մոտ ժամանակներս» ասելով կարելի է ենթադրել հաջորդ տարի, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ խոսքն ամիսների մասին է»: