Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը և վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հարազատ թատրոնում
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 1-ին որոշեց, որ անվանի արտիստի հոգեհանգստյան արարողությունը Թատրոնում տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30-ը, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին և հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս նախարար Արմեն Ամիրյանը նշել է.
«Բոլորիս եմ ցավակցում. բոլորս էլ կորցրինք մի մարդու, ում ընկերն ենք եղել երկար տարիներ, ես՝ նաև ուսանողը... Մենք կորցրինք լավ ընկերոջը, հրաշալի արվեստագետին, որի թողած հետքը մնալու է հետագա սերունդների երևակայության մեջ։ Համոզված եմ, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսորները, դերասանները, մյուս արվեստագետները դեռ երկար ժամանակ պահպանելու են նրա արվեստական դավանանքը»։
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո: