ՎՊ–ն պետական մարմինն է, որ առանձին շինություն չունի, աշխատակազմի մի մասը ԱԺ-ում է. Արա Նռանյան
«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» քննարկմանը Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը, ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ 79 մլն դրամ, ևս 2 տոկոս էլ պահուստային ֆոնդից: Հատկացված գումարներից աշխատավարձը կազմում է բյուջեի 80 տոկոսից ավելին:
Նա անդրադարձավ նշանակալի փոփոխություններին և ասաց, որ ավելացում կա արտասահմանյան գործուղումների մասով, որը պայմանավորված է ԵԱՏՄ համաձայնագրի պահանջներով: «Համաձայն դրա` ամեն տարի երկու տեսակի ստուգումներ են լինում՝ ԵԱՏՄ-ի և մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարի էլ է դա եղել, ուղղակի Կառավարության կողմից են այդ փոխանցումները ստացվել:
Արա Նռանյանը նշեց, թե ունեն տարածքի ավելացման համար հատկացված գումար: «Ամեն անգամ առիթը օգտագործում ենք և ասում, որ շենքային պայմանների խնդիր ՎՊ-ն ունի, և եզակի պետական մարմինն է, որ առանձին շինություն չունի, աշխատակազմի մի մասը ԱԺ-ում հատկացված շենքում է, մյուսների համար վարձակալում են տարածք: Աշխատանքային պայմանների բարելավման համար ունենք ավելացում վարձակալության մասով՝ 6 մլն դրամի, որը բերելու է կոմունալ վարձերի ավելացմանը»,-ասաց նա:
Արա Նռանյանը նշեց, որ 15,6 մլն-ի չափով գումար էլ գույքի ձեռքբերմանն է ուղղվելու և պարզաբանեց` վերջին անգամ այդ հոդվածով տաս տարի առաջ է ՎՊ-ն գույք ստացել: