Հռոմի պապը խոստովանել է, որ երբեմն աղոթելու ժամանակ քնում է
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեմն այնքան երկար է փակ աչքերով աղոթում, որ այդ ընթացքում քնում է:
Ինչպես նշում է The Guardian-ը, 82-ամյա պոնտիֆիկոսը որպես արդարացում նշել է, որ սրբերը ևս երբեմն քնել են աղոթելու ժամանակ:
«Երբ աղոթում եմ, երբեմն քնով եմ անցնում: Սուրբ Թերեզայի հետ էլ է նման բան պատահել»,-հեռուստածրագրի ժամանակ ասել է կաթոլիկների հովվապետը:
Աղբյուրը նկատում է, որ Ֆրանցիսկոս պապը մեծ կարևորություն է տալիս առողջ քնին ու սովորության համաձայն՝ անկողին է մտնում ուղիղ ժամը 21:00-ին ու արթնանում առավոտյան 4-ին: