Փոքր Մանթաշի գյուղապետը որոնվում է աշխատակիցների գումարները կանխիկացնելու և կաշառք տալու կասկածանքով. shamshyan.com
38-ամյա Լ. Ք.-ն Ոստիկանության Արթիկի բաժնում հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ Ժ. և Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար, ինչը Լ. Մարտիրոսյանը կատարել է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը՝ նշելով, որ Ժ. Հակոբյանը Փոքր Մանթաշի գյուղապետն է, իսկ Գ. Հակոբյանը՝ նույն գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը որոնում է 43-ամյա Ժիրայր Հակոբյանին և 57-ամյա Գագիկ Հակոբյանին, ինչպես նաև Լիպարիտ Մարտիրոսյանին։
ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հարցին, թե Փոքր Մանթաշի համայքապետի վերաբերյալ կա՞, թե՞ ոչ քրեական գործ, հայտնեցին, որ այսօր ստացել են քրեական գործ համայնքի ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու վերաբերյալ, գործն ընդունվել է վարույթ: