«Ծիրանի ճգնաժամ» Թուրքիայում. պատմական Մալաթիայում շուրջ 2 մլն ծիրանենի է հատվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա նահանգում այգեգործները ստիպված են եղել ավելի քան 2 մլն ծիրանենի կտրել, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված մալաթիացիները չեն կարողացել վաճառել ու պատշաճ ձևով հետևել ծիրանի այգիներին՝ ի վերջո ստիպված լինելով կտրել դրանք: Նշվում է, որ 2 մլն ծառ արդեն հատվել է, ևս 9 մլն-ը կհատվի մոտ ապագայում:
Պետական կառույցները, որոնք գնում են գյուղացուց ծիրանը, շուկայում այն վաճառել են ավելի քան 5 թուրքական լիրայով՝ մոտ 1.5 դոլարով, մինչդեռ գյուղացին իր աշխատանքի դիմաց շատ ցածր վարձատրություն է ստացել, պետությունը նաև չի օգնել ծառերի պատշաճ խնամքի հարցում, ինչի հետևանքով ծիրանենին ջրազրկվել ու հիվանդացել է: Բերքից բավականաչափ շահույթ չստացած այգեգործները, որոնք բազմաթիվ պարտքեր ունեն պետական ու մասնավոր բանկերին, ստիպված են եղել հատել հսկա այգիները:
Այգեգործները լրագրողներին պատմել են, որ դիմել են Անկարա՝ համապատասխան կառույցների պաշտոնյաներին, սակայն որևէ լուծում չեն ստացել: Արդյունքում հիվանդացած ծառերը ստիպված են եղել կտրել, փայտը կօգտագործեն որպես վառելիք, իսկ տերևները կենդանիներին են տալիս:
Նշենք, որ Մալաթիան համարվում է Արևմտյան Հայաստանի տարածքում «ծիրանի հայրենիքը», որտեղից մեծ քանակությամբ ծիրան է արտահանվում ոչ միայն Թուրքիայի բոլոր անկյուններ, այլև աշխարհի տարբեր երկրներ: