Բոլոր քաղաքական ուժերն իրենց իրավունքն իրացրել են ամբողջ ծավալով. Տիգրան Մուկուչյանը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)
Հանրապետության 69 համայնքում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններին կմասնակցեն 359 բնակավայրերի բնակիչներ:
«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ: Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործի 800-ից ավել սարքավորում, որոնց միջոցով կկատարվի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակով, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրական գործընթացներում կիրառված սարքավորումներն ամբողջ ծավալով կատարել են ԸՕ-ով սահմանված խնդիրները:
ԿԸՀ-ի նախագահը նշեց, որ ընտրական տեղամասեր լինելու են բոլոր բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ընդգրկված են բնակավայրեր, որոնք մեկը մյուսից բավականին հեռու են գտնվում:
Հարցին՝ ակտի՞վ կանցնեն ՏԻՄ-ընտրությունները, Մուկուչյանը պատասխանեց, թե կան համայնքներ, որտեղ ղեկավարի ընտրությանը մասնակցում է միայն մեկ թեկնածու և հակառակը՝ համայնքներ, որտեղ ղեկավարի համար 3-ից ավել թեկնածու է ներկայացված։
«Սա ենթադրում է, որ բավականին մեծ ակտիվություն կլինի: Միաժամանակ, պետք է նկատել, որ շատ են եղել առաջադրումներն ավագանու անդամի թեկնածուների հետ կապված՝ մոտ 900 թեկնածու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի իր էլեկտորատը: Ենթադրում եմ` համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն»,- շարունակեց Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը, խոսելով ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության իրականցման մասին, ասաց, որ գրանցվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ մոտ 1000 դիտորդով:
Ինչ վերաբերում է հանձնաժողովների անդամներին և վստահված անձանց, Տիգրան Մուկուչյանը նշեց. «Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից: Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարվել են սահմանված ժամկետում: Հանձնաժողովները ձևավորված են, բոլոր քաղաքական ուժերն իրենց իրավունքն իրացրել են ամբողջ ծավալով»: