Ռուբեն Ջաղինյանն արժանացել է «Ակադեմիական ճանաչում 2017» մրցանակին
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արժանացել է «Ակադեմիական ճանաչում 2017» մրցանակին:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների լրագրողների միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվել է «Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ները՝ կապված ճակատագրով ու տարածությամբ» խորագրի ներքո, որի ժամանակ մրցանակների հանձնման արարողություն է կայացել:
Խորհրդաժողովի հիմնական նպատակը միջպետական համագործակցության խթանումն ու ԱՊՀ երկրներում էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումն է, տեղեկատվական հարթությունում ռուսաց լեզվի ու մշակույթի առաջխաղացումն ու Ռուսաստանի և ԱՊՀ երկրների լրագրողների միջև փորձի փոխանակումն է:
Խորհրդաժողովի շրջանակներում անցկացվել է երկու նիստ, որոնցից մեկը նվիրված է եղել «Էլեկտրոնային լրատվամիջոցներում համագործակցութան լուսաբանման» թեմային, մյուսը՝ «Միջկրոնական և միջէթնիկական հակամարտությունների լուսաբանման հարցում ԱՊՀ անդամ երկրների լրագրողների պատասխանատվությունը»:
Խորհրդաժողովին մասնակցել են ԱՊՀ երկրներից ժամանած ու ռուսաստանցի դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ակադեմիական ճանաչում 2017» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մրցանակը հանձնել է Ռադիո և հեռուստատեսության միջազգային ակադեմիայի նախագահ, Հանրային հեռուստատեսության գլխավոր ղեկավար Ա. Գ. Լիսենկոն:
Հայաստանից «Ակադեմիական ճանաչում 2017» «Հեռուստատեսություն» անվանակարգում մրցանակ է ստացել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Խորհրդաժողովն անցկացվել է Ռադիո և հեռուստատեսության միջազգային ակադեմիայի կողմից: Այն անցկացվել է Տպագիր ու զանգվածային հաղորդակցության հանրապետական գործակալության աջակցությամբ: «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը խորհրդաժողովի տեղեկատվական անվտանգության հովանավորն է: