Էրդողանը 13.000 դոլար փոխհատուցում կպահանջի իրեն ֆաշիստ բռնակալ անվանած ընդդիմադիր գործչից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 50.000 թուրքական լիրա կպահանջի երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Բյուլենթ Թեզջանից՝ իրեն բռնակալ անվանելու համար, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը դատի է տալու ընդդիմադիր գործչին, որն օրեր առաջ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանին անվանել էր ֆաշիստ բռնակալ:
Այժմ պարզ է դարձել, որ նախագահը 50.000 լիրա՝ մոտ 13.500 ԱՄՆ դոլար կպահանջի Թեզջանից՝ որպես բարոհայական փոխհատուցում:
Մեկնաբանելով իրեն դատի տալու մասին լուրը՝ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ իր խոսքերից հետ չի կանգնի և վստահ է իր արտաբերած ամեն բառի մեջ:
«Ես վստահ եմ իմ ասած ամեն բառի մեջ, ես ասել եմ դա՝ շատ լավ իմանալով, թե ուր է տանելու այս ամենը», - ասել է ընդդիմադիր կուսակցության խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել էր Ժողովրդահանրապետականների խոսնակին՝ նրա արածն անարգանք ու անդաստիարակություն անվանելով:
«Սա մեծ անպատկառություն է, անդաստիարակություն, մեծ թշնամանք կա այս ամենի մեջ: Թուրքիայում միակ ֆաշիստական կուսակցությունը հենց ժողովրդահանրապետականներն են, պատմությունը դրա վկան է», - ասել էր Բոզդաղը: