Ինեկոբանկի թվով 23-րդ մասնաճյուղը բացվեց Կոմիտասի պողոտայում (տեսանյութ)
Այսօր Կոմիտաս 54բ հասցեում բացվեց «Ինեկոբանկի» նոր՝ «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը սպասարկելու է իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և նրանց կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման և բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում և այլ ծառայություններ:
«Այսօր Ինեկոբանկը բացում է իր թվով 23-րդ մասնաճյուղը: Մենք արդեն սպասարկում ենք մոտ 400 հազար հաճախորդ՝ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Միաժամանակ շատ կարևորում ենք նաև հաշիվների հեռահար կառավարման գործընթացը և հարուստ գործիքակազմ ենք առաջարկում մեր հաճախորդներին, որը մշտապես բարելավվում է, սակայն նաև շատ ենք կարևորում նոր մասնաճյուղերի բացումը»,- ասաց «Ինեկոբանկի» կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը:
Բիզնեսի և անհատների համար սեգմենտավորված մասնաճյուղերի բացումը «Ինեկոբանկի» բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որով բանկը ապահովում է իր առջև դրված առաջնային նպատակներից մեկը՝ հաճախորդների հարմարավետ սպասարկումը:
«Մասնաճյուղերի տեղը մենք երկար ուսումնասիրությունների արդյունքում ենք ընտրում: Ընտրվում են վարչական շրջանում բանուկ տարածքներ, կոնկրետ սեգմենտի համար առավելագույնս հարմարավետ տարածքներ ենք ընտրում: Տվյալ մասնաճյուղի տարածքը նույն մեթոդով ենք ընտրել՝ հիմնական պողոտայից մի քիչ հեռու տարածք է, որտեղ կայանատեղի խնդիր չկա, իսկ ֆիզիկական անձանց համար նախատեսված մյուս մասնաճյուղերն ավելի մարդաշատ, կանգառներին մոտ տարածքում են»,- նշեց Արտյոմ Չիչյանը:
Արաբկիր համայնքում Ինեկոբանկն ունի 3 մասնաճյուղ.
· Նորաբաց «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը:
· Կոմիտաս 39 հասցեում գտնվող «Կոմիտաս» մասնաճյուղը, որը վերաբացվել է որպես մանրածախ մասնաճյուղ,
· «Արաբկիր» մանրածախ մասնաճյուղը, որը գտնվում է Կոմիտաս 38 հասցեում:
Մինչև տարեվերջ Երևանում կբացվի «Ինեկոբանկի» ևս մեկ մասնաճյուղ, որը կսպասարկի ֆիզիկական անձանց:
«Ինեկոբանկի» կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանի խոսքով՝ գործընթացը շարունակական է լինելու, և հաջորդ տարի ևս բանկը նոր մասնաճյուղեր է բացելու: