Sony-ն ներկայացրել է Aibo ռոբոտ-շան նոր տարբերակը (տեսանյութ)
Sony ընկերությունը ներկայացրել է Aibo ռոբոտ-շան նոր տարբերակը: Ընկերությունն ուշադրություն է դարձրել ինչպես արտաքին գրավչությանը, այնպես էլ բնականին մոտ վարք ունեցող մոդել ստեղծելուն:
Ինչպես ներկայացնում է INTERFAX.RU-ն, նորագույն ռոբոտը թափահարում է պոչը, վազում է գնդակի հետևից և որոշակի գործողություններ կարող է սովորել, ինչպես շունը:
Արհեստական ինտելեկտով առաջին Aibo-ները թողարկվել էին 1999 թվականին, սակայն ռոբոտ-շների արտադրությունը դադարեցվել էր 2006-ին, քանի որ սպառողների համար առավել գրավիչ և մատչելի տարբերակներ էին հայտնվել շուկայում:
Sony-ի այս շարքի ռոբոտն առաջին անգամ համալրվել է «աչքերով», որոնք ունակ են տարբեր էմոցիաներ արտահայտել: Բացի այդ, այն կարողանում է ժպտալ և հիշում է, թե որ գործողություններն են դրական ռեակցիա առաջացնում տիրոջ մոտ:
Նորագույն ռոբոտը Ճապոնիայում վաճառքի կհանվի հունվարին, իսկ արժեքը կկազմի 198 000 իեն ($1740):