Գիտնականներին որպես անվարժ հետևակ օգտագործելը կարճամիտ մոտեցում է. Արթուր Իշխանյանը` տարկետման սահմանափակման օրենքի ընդունման մասին
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը Tert.am-ի զրույցում անդրադարձավ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը: Նա նշեց, որ չի կարծում, թե այս նախագիծը գիտության զարգացման հետ ուղիղ առնչություն ունի:
«Տարկետման սահմանափակման նախագիծը գիտության դեմ ձեռնարկված մեծ արշավանք է, որը տևում է արդեն գրեթե 25 տարի, ընդամենը մեկ բաղադրիչն է, և ամենևին վճռորոշը չէ: Ես, բնականաբար, դեմ եմ այդ նախագծի ընդունված ձևակերպմանը: Այդ նախագծով իշխանությունները հակադրում են բանակը գիտությունը»,-ասաց նա և նշեց, որ համաձայն չէ, թե այս ամենը բանակի ամրապնդմանն ուղղված ջանքերի արտացոլում է:
«Իմ տեսակետը հստակ է` բանակի ամրապնդումը համապետական խնդիր է, յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Սակայն բանակի ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք իրականում բերում են դրա թուլացմանը, ամենևին ընդունելի չեն: Այս նախագիծն իրականում հասարակության և բանակի թուլացմանը միտված գործողություն է»,-ասաց նա:
Արթուր Իշխանյանն ասաց, որ բանակին այսօր առաջին հերթին պետք են բարձր տեխնոլոգիաներին տիրապետող սպաներ, զինծառայողներ, պետք է ամրապնդել սեփական ռազմաարդյունաբերությունը, որը հնարավոր է անել միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ: «Հետևաբար, անհրաժեշտ է այլ մեխանիզմներ մշակել, որպեսզի բնագիտության ոլորտի մասնագետները կարողանան իրենց մասնագիտական որակները հնարավորինս բարձր մակարդակի հասցնել, և պետությունը պետք է կարողանա դրանք օգտագործել ըստ նշանակության: Գիտնականներին որպես հետևակ օգտագործելը կարճամիտ մոտեցում է»,-ասաց նա: