Էրդողանը 375 000 դոլար բարոյական փոխհատուցում է պահանջում ընդդիմության առաջնորդից՝ իրեն վիրավորելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկուկես միլիոն լիրայի (շուրջ 375 000 ԱՄՆ դոլար) չափով բարոյական փոխհատուցում կպահանջի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուից՝ իրեն ու իր ընտանիքի անդամների հրապարակայնորեն վիրավորելու համար:
Այս մասին գրում է թուրքական IHA գործակալությունը:
Օրեր առաջ Քըլըչդարօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին երկրից մեծ քանակությամբ գումարներ դուրս բերելու ու օֆշորային ընկերություններում ներդնելու համար:
Քըլըչդարօղլուն ակնարկել է, որ դրանք կարող են լինել սիրիացի փախտականների համար տրամադրված գումարները:
Հայտնի է, որ Էրդողանի փաստաբաններն արդեն ներկայացրել են համապատասխան հայցը դատարան: