ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի մատակարարումները սիրիացի քրդերին
Միացյալ Նահանգները կդադարեցնի Սիրիայում քուրդ զինյալներին զենքի մատակարարումները, հայտնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «հստակ հրահանգներ է տվել» քրդերին զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ:
Այդ տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը՝ հաղորդագրություն տարածելով հեռախոսազրույցի մասին և նշելով, որ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին «Սիրիայում մեր գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ սպասվող փոփոխությունների մասին»:
Սպիտակ տունը նշել է, որ այդ քայլը համապատասխանում է ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանը և հիշատակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված նախկին մայրաքաղաք Ռաքքայի ազատագրումը: Թրամփի վարչակազմը մայիսին հայտարարել էր, որ կսկսի զինել քրդերին Ռաքքայի ազատագրման համար մարտերից առաջ:
Ինչպես նշում է գործակալությունը, այս քայլը կարող է օգնել կարգավորել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները, որոնք կտրուկ հակադրվում էին ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հարցում:
Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը տեղեկացրել է քրդերին ռազմական աջակցության դադարեցման մասին մինչև Թուրքիային այդ մասին հայտնելը: