Սպառողներն ասում են ՝ կարագը երկու անգամ և ավելի թանկացել է, իսկ վաճառողները պնդում՝ կարագի թանկացում կա, բայց ոչ բոլոր տեսակների մեջ (տեսանյութ)
Tert.am-ը դիտարկում է անցկացրել մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներից մեկում` պարզելու՝ արդյո՞ք Հայաստանում վաճառվող կարագը կտրուկ թանկացել է: Վաճառողների և սուպերմարտկետի մենեջերի պնդմամբ՝ թանկացում եղել է, բայց ոչ շեշտակի և ոչ վերջին մի քանի օրերի ընթացքում, այլ աստիճանաբար հասել է այս գներին: Ամենաբարձր գնով վաճառվողը «Վալիո» տեսակի կարագն է կիլոգրամը՝ 4750 դրամ, այնուհետև «Անքոր» տեսակինը՝ նախկին՝ 3980 դրամի փոխարեն 4630 դրամ և ֆինլանդականը՝ մեկ կիլոգրամը 4500 դրամ:
«Ընդհանուր առմամբ թանկացում կա, բայց ոչ բոլոր տեսակների մեջ: Օրինակ՝ գերմանական Մեգլե կարագի թանկացում չի եղել, դա ներմուծում ենք Գերմանիայից, մնացածը թանկացել են՝ նորզելանդականը, ֆինլանդականը: Ունենք ռուսական կարագ, կիլոգրամը՝ 2800 դրամ, որը չի թանկացել: Հաճախորդների կողմից դժգոհություններ լինում են, որ թանկացել է, բայց ընդհանուր առմամբ գնորդների շարժը չի պակասել, նորմալ է»,-ասաց սուպերմարկետի մենեջեր Ժաննա Մեսրոպյանը:
Սուպերմարկետում համապատասխան բաժնի աշխատակիցն էլ Tert.am-ին տեղեկացրեց, որ վերջին անգամ կարագի գնի բարձրացում եղել է մեկ ամիս առաջ, իսկ գնորդների հետ մեր զրույցը բոլորովին այլ պատկեր ցույց տվեց: Նրանք նշեցին, որ կարագի գները թանկացել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում և շեշտակի:
«Կրկնակի թանկացում կա, նույնիսկ՝ եռակի: Կարագը երկու անգամ և դրանից էլ ավելի թանկացել է: Առաջ 2000 դրամ էր հիմա 4000, միսն ահավոր է թանկացել, հավկիթն էլ: Մեր ապրանքն է չէ՞»,-ասաց սպառողներից մեկը:
Սպառողները Tert.am-ին նաև հաղորդեցին, որ տեղական արտադրության ապրանքների թանկացումն ավելի ակնհայտ է, օրինակ՝ կաթնամթերքինը, քան դրսից ներկրվողներինը:
«Պանիրը սարսափելի թանկացել է. 2 հազար քանի հարյուր դրամանոց պանիրը դառել է 3500, երբ որ արտադրվում է Հայաստանում, դրսից բերածը չի թանկացել, բայց սա թանկացել է : Կարագն ընդհանրապես, 4650 է դարձել, երբ որ 2500 էր: Բոլորովին վերջերս ահավոր բարձրացավ, ես չգիտեմ պատճառն ինչ է: Դա ծխախոտ չի, խմիչք չի, ամեն օր առնում ես, ամեն օրվա սննդամթերք է»,-ասաց գնորդը:
Գնորդները նշեցին, որ թանկացումներն ուղիղ անդրադառնում են իրենց գրպաններին, ընդ որում, թանկացումներ ամենօրյա սպառման ապրանքներին են առնչվում: