Հայաստանը ինքնուրույն երկիր է և չպետք է ՌԴ-ից թույլտվություն ստանա գործընկերների, կոլեգաների հետ փաստաթղթեր ստորագրելու համար. Իգոր Չերնիշենկո
Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը չի կարող վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն՝ խոսելով երեկ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ընդլայնված համագործակցության համաձայնագրի մասին:
Չերնիշենկոն նշեց, որ փաստաթղթի բովանդակությանը չի հասցրել ծանոթանալ, բայց ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն քաղաքական ամուր համագործակցություն, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ է, ուստի Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը չի ստորադասի հայ-ռուսական հարաբերություններին:
Դիտարկմանը, թե շատերի համար անհասկանալի է Ռուսաստանի պահվածքը, ինչո՞ւ ՌԴ-ն 2013թ.-ին թույլ չտվեց Հայաստանին ԵՄ–ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ այս մեկը թույլ տվեց, ապա Իգոր Չերնիշենկոն պատասխանեց. «Հայաստանը ինքնուրույն երկիր է և չպետք է Ռուսաստանից թույլտվություն ստանա գործընկերների, կոլեգաների հետ փաստաթղթեր ստորագրելու համար: Չկա այդպիսի պարտադիր պայման, որ Հայաստանը պետք է թույլտվություն ունենա: Սերժ Սարգսյանը օրերս հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ և կարծում եմ, որ այս հարցը քննարկվեց նրանց կողմից, հավանաբար, այն Ռուսաստանի ու Հայաստանի համար խնդրահարույց չի եղել»:
Ըստ ՌԴ Դաշնային ժողովի անդամի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ առաջին երկիրն է, որ նման համաձայնագիր ունի ԵՄ հետ և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ի դեմս Հայաստանի ու հայ-եվրոպական ստորագրված պայմանագրի տեսնում է Եվրոպական միության հետ համագործակցելու եզրեր:
«Հնարավոր է, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև կամուրջ, և չի բացառվում, որ Պուտինն ու Սերժ Սարգսյանը հենց այդ մասին էլ խոսել են ստորագրման նախօրեին»,- ասաց Չերնիշենկոն: