Թանկացումներից ճգնաժամային երևույթներ չեն առաջանա, սակայն սպառման մակարդակը որոշակի կնվազի. Վարդան Բոստանջյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թանկացումներին, նշեց, որ արդյունքում, թեև ճգնաժամային երևույթներ չեն առաջանա, սակայն սպառման մակարդակը որոշակի կնվազի:
«Զսպաշապիկ կհանդիսանան սպառման մակարդակի կտրվածքով, և այստեղ ամենախոցելին այն է, որ այդ թանկացումները չվերաբերեն առաջին անհրաժեշտության ապրանքներին, թեև այդպիսիք, կարծեք թե, կան»,-ասաց նա և օրինակ բերեց, որ բենզինի թանկացումը, բոլոր դեպքերում, ամենացածր եկամուտով մարդկանց համար դժվարություն չի առաջացնի:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք արդարացված է համարում ներկայիս որոշ ապրանքատեսակներում նկատվող թանկացումները, Վարդան Բոստանջյանը նշեց, որ թանկացումները, կարծեք թե, այլընտրանք չլինելով է պայմանավորված:
«Մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն և այստեղ որոշակի ապրանքատեսակների առումով փոխվում է մաքսատուրքի մակարդակը, ինչով էլ պայմանավորված որոշակի թանկացումներ են առաջանում»,-ասաց նա և նշեց, որ բոլոր գործընթացներին զուգահեռ լինում են ոչ ցանկալի երևույթներ:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում, հատկապես ոչ բարձր եկամուտների պայմաններում, թանկացումներն իրենց ազդեցությունը կունենան: «Տնտեսությունը պետք է մեխանիզմներ որդեգրի` համապատասխան եկամուտների բարձրացման, տնտեսական աշխուժացման առումով, որ կոմպեսացվի»,-ասաց նա և ավելացրեց` ըստ էության, պետք է համակերպվել և դիմանալ այդ դժվարություններին: