Եթե ներկրվող ապրանքը թանկանում է, ուրեմն տեղական արտադրանքը կզարգանա. Արմեն Պողոսյան (տեսանյութ)
«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թանկացումներին, նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ թանկացումները շարունակական բնույթ են կրում: «Պատճառները և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ են, սակայն տնտեսական կուրսն ունի կարկատանային բնույթ, և ոչ թե տրամաբանություն»,-ասաց նա:
Մասնավորապես, 2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտնող Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կանոնակարգերի վերաբերյալ, որոնց արդյունքում մոտ 800 ապրանքների մաքսատուրքը կբարձրանա, Արմեն Պողոսյանը նշեց, որ դա իր հերթին կարող է բերել տեղական արտադրանքի զարգացմանը:
Նա նշեց, որ օրինակ ներկրվող թռչնամիսը թանկանալու է, քանի որ մաքսատուրքը ավելանալու է: «Սա որքան վատ է, այնքան էլ լավ է և նշանակում է, որ մեր արտադրողները լրացուցիչ հնարավորություն են, մրցակցության մեջ դրական իմպուլս են ստանում: Եթե ներկրվողը թանկանում է, ուրեմն տեղական արտադրանքը կզարգանա, բայց դրա համար աջակցել է պետք»,-ասաց նա և օրինակ բերեց` թռչնամիս արտադրողները դժգոհում են հումքի ներկրման ավելացած արժեքի հարկի վճարման կանոնակարգից:
«Ինչու պետք է մեր թռչնամիսը, կաթնամթերքը, գարեջուրը չունենան այդ առավելությունը: Եթե իտալականը թանկ է, ավելի կթանկանա, հետևաբար, մերոնք կստանան այդ լիցքը` համեմատության մեջ ավելի շահեկան դիրքում լինելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սպառողներին, ապա Արմեն Պողոսյանը նշեց, որ սպառողները միշտ տուժողի դերում են, և չկա մեզ պաշտպանող միջավայրը: «Մեր չինովնիկները, կարծես, միշտ արդարացողի դերում են, ամեն մեկն իր կողքը մի պատ է շարել, որ իր պատասխանատվությունը քչանա: Չկա մոտեցում, որ գերատեսչական շահերից առավել լինի համապետական շահը»,-ասաց նա և նշեց, որ գերատեսչությունները միմյանց հետ չեն համագործակցում: