Հայաստանից արտագաղթած շատ-շատ մարդիկ չեն գտել այն, ինչ փնտրում էին, այդ մարդկանց կարելի է վերադարձնել. Ս. Սարգսյանը՝ 4 մլն բնակչություն ունենալու ծրագրի մասին
Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, ես համարում եմ, որ իրատեսական է: Անդրադառնալով 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու վերաբերյալ նախկինում էլ հնչեցրած հայտարարությանը` այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Արձագանքելով Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, թե Նախագահն իր նախագահության առաջին ժամկետի ավարտին ասել էր, որ երկրի իշխանությունն ու առաջնորդները պետք է դնեն բարձր նշաձողներ` դրանց հասնելու համար, և եթե նույնիսկ գիտեն, որ հնարավոր է չհասնել դրանց, պետք լինի այդ նշաձողը, արդյոք չի՞ ենթադրվում է, որ 4-մլն–անոց բնակչության հասնելը նշաձողներից մեկն է, Նախագահը նշել է.
«Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, բայց ես համարում եմ, որ իրատեսական է: Կոնկրետ հիմա գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետև ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ աշխատանքային խումբը հենց դրանով է զբաղված: Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրն է 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել սովորական մակարդակի, գնացողների և եկողների տարբերությունը ՀՀ-ի համար դրական լինի, կամ` գոնե զրոյական: Մենք ակնհայտ է, որ բնական աճով՝ ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն և այլն, տեսանելի, նույնիսկ հեռու ապագայում չենք կարող հասնել 4 մլն-ի: Ուստի, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնենք առողջապահական խնդիրներին, ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երկրի երիտասարդների զբաղվածությանը և այլն, և այլն:
Մենք պետք է կարողանանք այս ժամանակահատվածում նաև հնարավորություն ստեղծել ներգաղթի համար: Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից, չեն գտել այն, ինչ փնտրում էին, և այդ մարդկանց կարելի է վերադարձնել»: