2 անչափահաս աղջկա միայնակ մայր, իրավաբանական կրթություն ունեցող կինը չի կարողանում աշխատանք գտնել (տեսանյութ)
33-ամյա Ազնիվ Ղարագյոզյանը ամուսնու մահից հետո արդեն երեք տարի է երկու անչափահաս աղջիկների հետ վարձով է ապրում Նուբարաշեն վարչական շրջանում:
Նա Tert.am-ին պատմեց, որ բարձրագույն իրավաբանական կրթություն ունի, բայց չի կարողանում աշխատանք գտնել:
«Ես չգիտեմ, ում դիմեմ, ոնց խնդրեմ, որ ինչ-որ մի տեղ ես ընդունվեմ աշխատանքի և այս երկու անչափահաս երեխաներին պահեմ մեծացնեմ: Իմ խնդիրը միայն սա է, ես աշխատանքից բացի ուրիշ ոչինչ չեմ ուզում»,- ասաց նա:
Ընտանիքն այժմ շատ դժվարությամբ է ապրում: Պետության կողմից ստանում է ընդամենը 52 000 դրամ կենսաթոշակ՝ միակողմանի ծնողազուրկ լինելու և փոքր աղջկա հաշմանդամության համար: Ազնիվ Ղարագյոզյանը նշում է, որ պետության տված գումարով հազիվ կարողանում է տան վարձը վճարել, իսկ կոմունալ վճարները ծնողների օգնությամբ է անում:
«Տարբեր կազմակերպություններ դիմել եմ աշխատանքի համար, նույնիսկ համակարգեր է դիմել կամ թափուր տեղ չկա, կամ տարիքային սահմանափակում է, կամ էլ խոստանում են, որ կզանգահարեն, բայց մինչև այժմ չեն զանգահարել: Հիմա հուսով եմ, որ կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք նորմալ աշխատանք կառաջարկեն, որ գոնե պետության կողմից տրվող 50 հազար դրամի հետ համատեղած երեխաներիս պահեմ: Գոնե 100 հազար դրամ աշխատավարձ լինի, ուրիշ ոչ մի բան ինձ այս պահին հարկավոր չէ»,- ասաց միայնակ մայրը:
Մինչ այս նա տարբեր տեղերում է աշխատել՝ և՛ տղամարդու, և՛ կանացի աշխատանքներ է կատարել՝ անվտանգության ծառայակցից մինչև շինանյութի խանութում մենեջեր, վաճառողի և այլն:
«Աշխատանք ունենալու դեպքում պետությունը տրամադրվող գումարը կտրում է: Դրա համար գոնե նորմալ աշխատավարձ է պետք, որպեսզի գումարը չլինելու դեպքում աշխատավարձով հնարավոր լինի և՛ տան վարձը վճարել, և՛ կոմունալ վճարումներ անել, և երեխաների կարիքները հոգալ»,- նշեց Ազնիվ Ղարագյոզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: