Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Սանկտ Պետերբուրգում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկատվության համար
Կրեմլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀԳ) տեղեկություններ է տրամադրել, որոնք օգնել են Ռուսաստանի իրավապահներին կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրված ահաբեկչական հարձակումը:
Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկատվության համար, որն օգնել է հետևել և «ձերբակալել ահաբեկիչներին», նշված է Կրեմլի հաղորդագրությունում:
Ռուսաստանի նախագահը խոստացել է նույն կերպ վարվել, եթե ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչական վտանգի մասին տեղեկություններ ստանան:
Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսը հաստատել է հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ խոստավալով մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը խնդրել է Թրամփին իր շնորհակալությունը փոխանցել նաև ԿՀԳ-ի տնօրեն Մայք Փոմփեոյին և ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցներին «ովքեր ձեռք են բերել այս տեղեկատվությունը» ենթադրյալ ահաբեկիչների մասին:
Օրերս Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ձերբակալել է 7 իսլամիստ ծայրահեղականների, ովքեր մեղադրվում են Սանկտ Պետերբուրգում մի շարք ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ, մասնավորապես հարձակումներ գործել ամանորին և 2018-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: