Ուզում ենք, որ Հայաստան-Եվրամիություն ստորագրված համաձայնագիրը վավերացվի մինչև 2019 թվականը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց համաձայնագիրը, բայց դրանով աշխատանքը չի ավարտվում. մեզ սպասվում է վավերացման գործընթաց, որը պետք է կատարվի Եվրամիության բոլոր անդամների խորհրդարաններում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Աշխատանքները դեռ նոր են սկսվում, որովհետև համաձայնագիրը թեպետ ունի անցումային դրույթներ, ամեն դեպքում ենթադրում է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանը կվավերացնեն այն: Անցումային դրույթները թույլ են տալիս գործի դնել որոշ դրույթներ մինչև վավերացնելը, սակայն, բավարարվել դրանով, ասել, որ համաձայնագիրը կարող է այդկերպ աշխատել՝ սխալ է»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ ստորագրված համաձայնագիրը քաղաքական փաստաթուղթ է և որպեսզի այն դառնա իրավական՝ պետք է վավերացվի:
«Վավերացնելու նախապայմանը քաղաքական կամքն է: Վավերացումը չպետք է կախված լինի ԵՄ անդամ-պետությունների քաղաքական ներքին օրակարգերից: Երբ մեր պատվիրակությունները մեկնում են արտերկիր, բարձրացնում են այնտեղի խորհրդարաններում համաձայնագրի հրատապ վավերացման անհրաժեշտության հարցը։
Դրա հրատապությունը գալիս է եվրոխորհրդարանի 2019թ.-ի ընտրություններից: Մենք ուզում ենք, որպեսզի համաձայնագիրը վավերացվի մինչև այս խորհրդարանի ժամկետի ավարտը, այն է՝ մինչև 2019թ.: Սա շատ բարդ ժամկետ է: Իմ ցանկությունը շատ լավատեսական է, որովհետև անգամ Ուկրաինայի, Վրաստանի պարագայում վավերացումը տևեց մոտ երկու տարի: Ակնհայտ է, որ մեզնից մեծ ջանքեր են պահանջվելու, աշխատանքի մեծ ծավալ կա՝ արագացնելու այս պրոցեսը»,- նշեց Արմեն Աշոտյանը: