Թուրքիայի խոհրդարանը մերժել է ալևիների կոտորածներն ուսումնասիրող հանձնախումբ ստեղծելու պահանջը
Թուրքիայի խորհրդարանում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Գազիանթեփից (Այնթապ -tert.am) ընտրված պատգամավոր Մահմուդ Թողրուլի՝ Թուրքիայում ալևիների դեմ իրականացված կոտորածներն ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնախումբ ստեղծելու առաջարկը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, քուրդ պատգամավորը պահանջել է ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել Մարաշի (1978), Սեբաստիայի (1993), Չորումի (1980), Մալաթիայի (1978) և Գազիի (1995) ալևիների դեմ իրականացված կոտորածների մեղավորներին:
«Թուրքիայի տարածքում բավականին մեծ թիվ կազմող ալևիները, հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում պարբերաբար ենթարկվել են տարատեսակ ճնշումների ու կոտորածների: Մալաթիայի, Մարաշի, Սեբաստիայի, Չորումի, Գազիի կոտորածները շարունակում են մնալ Թուրքիայի պատմության ամոթալի էջերից մեկը», - ասել է Թողրուլը:
Մեջլիսի նախագահ Իսմայիլ Քարամանը մերժել է քուրդ պատգամավորի առաջարկն ու նրա կիրառած արտահայտությունները համարել կոպիտ ու վիրավորական:
Նշենք, որ ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները: