Աֆրիկայում նկարահանել են գոմեշի հարձակումն առյուծի վրա (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգեր» ազգային պարկում տեսանկարահանել են գոմեշի հարձակումը քնած առյուծի վրա:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ազգային պարկի էքսկուրսավար Բատաբիլե Շաքվանեն, որը տեսարանի ականատեսն է դարձել կենդանիների կողքով ավտոմեքենայով անցնելիս, պատմել է, որ գոմեշների խմբի մոտակայքում քնած էգ առյուծի է նկատել: Ինչ-որ պահի գիշատչին նկատել է նաև վայրի կենդանիներից մեկը: Վայրկյաններ անց գոմեշը շարժվել է ոչինչ կասկածող առյուծի ուղղությամբ:
Նկատելով իրեն մոտեցող վտանգը՝ առյուծը վեր է կացել և փորձել է փախչել, սակայն նկատելիորեն հյուծված կենդանին չի կարողացել խուսափել հարձակումից: Գոմեշը հարձակվել է առյուծի վրա, եղջյուրով մի կողմ նետել գիշատչին և հեռացել:
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ առյուծը հավանաբար քշվել է իր ցեղակիցների կողմից և չի կարողացել միայնակ հաջող որս կատարել: Մասնագետի կարծիքով՝ թեև գոմեշը լուրջ վնասվածք չի հասցրել կենդանուն, նրա հետագա ճակատագիրը տխուր կլինի: