Բելգիայում շենքը կառուցել են` արտաքին լուսավորության սյունը թողնելով դրա ներսում
Բելգիայի Կերբերգեն քաղաքի փողոցներից մեկում կառույց է հայտնվել, որի մեջտեղում փողոցային լուսավորության սյուն է «ներաճել»: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղի ունեցածի պատասխանատուն են համարել ճարտարապետին, որը, նրանց կարծիքով, դիտավորյալ է մոռացել այդ դետալի մասին, որը հստակ նշված է եղել նախագծում։
Ճարտարապետն իր հերթին հայտնել է, որ ինքը գիտեր սյան գոյության մասին և, իհարկե, տեսել է այն շինհրապարակի տարածքում: Նրա խոսքով՝ ինքը բազմիցս քաղաքապետարանին նախազգուշացրել է այն մասին, որ լապտերը կխանգարի շինարարությանը, և որ այն պետք է ապամոնտաժվի:
Տեղական իշխանությունների կողմից խնդրի լուծումը չստանալով` ճարտարապետը շինարարներին խնդրել է ուղղակի կառուցել շենքը` սյունը ներառելով դրա մեջ։
Le Figaro-ի հաղորդմամբ՝ ճարտարապետի համարձակ քայլը տվել է իր պտուղները. տեղական էլեկտրական ցանցի օպերատորը որոշել է գործել: Մոտ օրերս սյունը կհեռացվի, սակայն այս դեպքում շինության ճակատային մասը պետք է փոփոխությունների ենթարկվի: