Բրիտանիայի երկու բնակիչներն ահաբեկչութուն նախապատրաստելու ժամանակ սիրահարվել են իրար
Մեծ Բրիտանիայի դատարանն ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչել տղամարդու և կնոջ, որոնք դրանից քիչ առաջ ծանոթացել են ծանոթությունների կայքում։
The Guardian֊ի տվյալների համաձայն՝ ծագումով Սուդանից 36֊ամյա Մոհամեդը ծանոթացել է Լոնդոնի 33֊ամյա բնակչուհի Էլ Հասանի հետ, քանի որ վերջինս աշխատել է որպես դեղագործ և պայթուցիկ նյութեր պատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքներ ունեցել։
Ընդ որում, զույգը ոչ միայն «ընդհանուր գաղափարախոսություն, այլ նաև զգացմունքային կապվածություն է ունեցել»։
Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրյալները գտնվել են անընդհատ կապի մեջ, սակայն սովորական հաղորդագրություններից բացի նրանք փոխանակվել են ծայրահեղական տեսահոլովակներով և լուսանկարներով։
Նշվում է, որ դեկտեմբերին զույգը ձերբակալվել է, ինչից հետո ոստիկանությունը նրանց տանը հայտնաբերել է պայթուցիկ սարքի համար նախատեսված մի քանի բաղադրիչ։ Դրանից բացի, իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, որ տղամարդը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդմամբ՝ ձերբակալվածները հերքել են իրենց մեղքը։ Մեղադրյալների դատավճիռը կկայացվի փետրվարի վերջին։