Դուբայում «պրոֆեսիոնալ» մուրացկաններն ամսական ավելի քան 73.000 դոլար են վաստակում
Բոլորին հայտնի փաստ է, որ Դուբայը հարուստ քաղաք է, սակայն շատ քչերը հավանաբար գիտեն, որ այնտեղ «հարուստ» են նույնիսկ մուրացկանները, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ այնտեղ փողոցում մուրալով կարելի է տասնյակ հազարավոր դոլարներ վաստակել:
Սա այն աստիճան եկամտաբեր գործ է, որ մարդիկ այլ պետություններից զբոսաշրջային այցագրով 3 ամիս ժամկետով Դուբայ են գալիս, որպեսզի մուրացկանությամբ զբաղվեն ու լավ գումար վաստակեն:
Հատկանշական է, որ որոշ դեպքերում Դուբայի «պրոֆեսիոնալ» մուրացկաններն ամսական ավելի քան 73.000 դոլար են վաստակում, ինչը գերազանցում է շատ-շատերի տարեկան աշխատավարձը:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ արաբական ու ասիական հանցախմբերը մարդկանց օրինական ճանապարհով Դուբայ են բերում, որպեսզի նրանք գումար մուրան ու հետո ստացած եկամտի մեծ մասն իրենց տան:
Պրոֆեսիոնալ մուրացկանները պատերազմող երկրներում ապրող կամ փողոցներում գիշերող ընտանիքի մասին պատմություններով կարողանում են շարժել հարուստ անծանոթների գութն ու ստիպել իրենց խոշոր գումար տալ:
Քաղաքային իշխանությունները պարզելով, թե ինչ ահռելի գումարներ են մարդիկ վաստակում այս ճանապարհով՝ ամեն կերպ փորձում են վերացնել ապօրինի պրակտիկան ու պարբերաբար տասնյակ մուրացկանների են ձերբակալում: