ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Հունվարի 11-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատել իտալական նախագահության պատրաստակամությունն` աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով:
«ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այս տեսակետից արժևորվեց իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը:
Դեսպան Կիրակոսյանը նշեց նաև, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Առանձնահատուկ շեշտադրվեց շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի:
Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը»,– հայտնում են ԱԳՆ–ից: