Չարախնդալը, որ մարդիկ չեն իրացնում իրենց հավաքների ազատության իրավունքը, շատ բացասական հետևանքներով է հղի. Արտակ Զեյնալյան
Ոչ ճիշտ, սուբյեկտիվ եզրահանգում է հայտարարելըլ, թե եթե «Ելքի» երթին փոքր էր մարդկանց թիվը, նշանակում է թանկացումներն էլ սարսափելի չեն. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն գնահատականներին, թե քիչ մարդ էր դուրս եկել փողոց թանկացումների դեմ բողոքելու համար:
«Պետք է նայել, թե ինչքան մարդ էր հետևում առցանց, տասնյակ հազարավորներ: Բայց երթը սակավաթիվ էլ չէր։ Մենք ասացինք, որ «Ելքի» կազմակերպած խաղաղ հավաքներից ամենամարդաշատն էր, հետաքրքրվածների թիվն էլ բավական մեծ էր, հաջողության ակնկալիք էլ ունեն շատերը»,-ասաց նա:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց խնդիրն է մարդկանց համոզել, որ բողոքի ակցիաներով հնարավոր է հասնել որոշումների փոփոխության: «Նման գործողություններով ՀՀ քաղաքացիները հասել են բազմաթիվ արդյունքների՝ «Էլեկտրիկ Երևան», «Կուտակային», «տրանսպորտի սակագին» և այլն: Մենք գործողություններ ենք անում և անելու` նաև ԱԺ-ում՝ արդյունքի հասնելու համար. և չարախնդալ նրա վրա, որ մարդիկ չեն իրացնում իրենց հավաքների ազատության իրավունքը, դա շատ բացասական հետևանքներով է հղի: Այդ մարդիկ ավելի լավ է դուրս գան բողոքի, իմանան, որ եթե դուրս գան, փոփոխելու են օրենքները, ոչ թե տեսնեն ելք չկա, ու գնան դուրս: Մենք ցույց ենք տալիս, որ կա ելք, և պետք է մնան»,-ասաց Զեյնալյանը:
Բացի դրանից, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն էլ պետք է տեսնի, որ մարդիկ մնում են, հարկ են վճարում: «Ի վերջո, այդ մարդկանց միջից պետք է կարողանան նախագահի, վարչապետի թեկնածու առաջադրել, կարողանան նախարարներ ընտրել, ոչ թե, ինչպես ասում էր Նաիրա Զոհրաբյանը, «օդնոկլասնիկ»–ով նախարար ման գան: Մարդկային ռեսուրս պետք է ունենանք, որ կարողանանք ընտրել, բայց այդ մարդիկ թողնում, գնում են և հարկ չեն վճարում»,-ասաց նա: