Շակիրան կասկածվում է Իսպանիայում բնակվելու ընթացքում հարկերից խուսափելու համար
Կոլումբիացի երգչուհի Շակիրան կասկածվում է 2011-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում Իսպանիայում բնակվելու ընթացքում հարկերից խուսափելու համար: Այդ ընթացքում նրա ամուսին Ժերար Պիկեն եղել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպանը:
La Razon պարբերականի հաղորդմամբ՝ երկրի հարկային ծառայությունը պնդում է, որ Շակիրան չի հայտարարել իրեն որպես Իսպանիայի հարկային ռեզիդենտ և հարկեր չի վճարել իր բոլոր եկամուտներից:
Իսպանիայի օրենքների համաձայն՝ Շակիրան պետք է հարկ վճարեր ոչ միայն երկրում, այլ նաև դրա սահմաններից դուրս ստացված եկամուտի համար:
Նշվում է, որ այս հանցագործության համար Շակիրային սպառնում է խոշոր տուգանքից մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում: Իսպանիայի հարկային ծառայությունն արդեն դիմել է դատախազություն՝ ստուգումներ իրականացնելու համար: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: