Հանովերի օդանավակայանում թուրքերն ու քրդերը զանգվածային ծեծկռտուք են արել
Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Հանովեր քաղաքի Լանգենհագեն օդանավակայնում 180 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել: Այս մասին հայտնում է Focus-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ բախման պատճառ է դարձել քրդերի՝ B տերմինալում անցկացվող բողոքի ակցիան՝ Սիրիայում թուրքական կողմի գործողության դեմ:
Նշվում է, որ թուրք ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա: Օդանավակայանի աշխատակիցները բաժանել են կռվողներին: Միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներ ստացածներ չկան:
Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ 20 մարդու դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների աշխատակիցների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր իսլամիստական խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Ավելի ուշ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված բոլոր նպատակներին: