Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել սիրիական «անիմաստ» պատերազմին
Հոլիվուդյան աստղ և ՄԱԿ-ում փախստականների, բնական աղետներից, պատերազմներից ու ճգնաժամերից տուժածների հարցերով հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել Սիրիայի «անիմաստ» պատերազմին, որը շարունակվում է արդեն 8-րդ տարին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ջոլին ելույթով հանդես է եկել Հորդանանի փախստականների ճամբարում՝ դատապարտելով «վստահելի քաղաքական և դիվանագիտական գործընթացի բացակայությունը», որը կնպաստեր բռնությանը վերջ դնելուն:
Ճամբարը, որտեղ ելույթ է ունեցել Ջոլին՝ տասնյակ երեխաների ներկայությամբ, գտնվում է Սիրիայի հետ սահմանից մեկ ժամվա ճանապարհի վրա: Սա Ջոլիի 5-րդ այցն էր Հորդանան և երրորդը փախստականների ճամբար:
Մինչ փախստականների հարցով հատուկ դեսպանորդ դառնալը Ջոլին 10 տարի կատարել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները: