Ամերիկացի սենատորները համաձայնության են եկել միգրացիոն ծրագրի շուրջ
ԱՄՆ-ի երկու կուսակցության շահերը ներկայացնող սենատորների խմբին հաջողվել է համաձայնության գալ որոշ խնդիրների շուրջ՝ կապված միգրացիոն որոշումների հետ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:
«Կարծում եմ, որ մեր խումբը պայմանավորվել է մոտեցման շուրջ», - աղբյուրը մեջբերում է Մեն նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզի խոսքը:
Նրա գործընկերը Հարավային Կարոլինա նահանգից՝ Լինդսի Գրեմն իր հերթին տեղեկացրել է, որ իրենց քննարկած համաձայնագիրը վերաբերում է երկու հարցի՝ անօրինական ներգաղթյալներին և սահմանների անվտանգությանը:
Արիզոնան ներկայացնող հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը հայտնել է, որ երկկուսակցական խմբի որոշումը կհրապարակվի չորեքշաբթի:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «երեխա-ներգաղթյալների նկատմամբ հետաձգված միջոցների» ծրագրի շուրջ սենատում քննարկումների մեկնարկի մասին, որը լուրջ տարաձայնություններ էր առաջացրել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև: