«Երկիր ծիրանի»-ի անդամներն այցելել են դատաբժշկի
«Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 16-ին, «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակ են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Կուսակցության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ իրավապահները բացատրություն են վերցրել փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «ՀՀԿ» խմբակցության կողմից բռնության ենթարկված «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանից և Սոննա Աղեկյանից, ինչպես նաև նրանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր են տրամադրել:
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում իրենց նկատմամբ բռնի գործողությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների առկայությունը ստուգելու համար այսօր այցելել են դատաբժիշկների:
««Երկիր ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից ակնկալում է քրեական գործի հրատապ հարուցում և Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեղադրյալների ներգրավում, որը մինչ այս պահը, առավել քան բավարար հիմքերի առկայության պայմաններում, դեռևս տեղի չի ունեցել»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ: