Մայամիում հետիոտների համար նախատեսված կամուրջ է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում հետիոտների համար նախատեսված կամուրջ է փլուզվել: Ինչպես փոխանցում է Miami Herald-ը, հայտնի է, որ կատարվածի հետևանքով զոհեր և մեծ թվով վիրավորներ կան:
Նոր կառուցվող կամուրջը տեղակայված է եղել Մայամիի հարավարևմտյան շրջանում գտնվող Միջազգային համալսարանի շենքի մոտակայքում: Ճանապարհին փլուզված կառույցի տակ մի քանի մեքենա է հայտնվել:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Կատարվածի պատճառը դեռևս հայտնի չէ:
Նախատեսվում էր կառույցը շահագործման հանձնել 2019 թվականին: Կամուրջի շինարարությունն իրականացվել է «նորարարական» մոդուլային եղանակով, որը կոչված է ապահովելու ինչպես հետիոտնի, այնպես էլ վարորդների անվտանգությունը:
Կառույցի՝ 950 տոննա կշռող հերթական մասը տեղադրվել էր անցյալ շաբաթ: