Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ներառել են «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ընդգրկվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, որը տեղեկություններ է հրապարակում Դոնբասում «ինքնահռչակ հանրապետությունների» կողմից մարտական գործողությունների մասնակիցների մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, համապատասխան գրառման մեջ Սավչենկոյին բնորոշում են որպես «հայրենիքի դավաճանի» և «ահաբեկիչների աջակցի»:
Սավչենկոյին մեղադրում են «Ուկրաինայի տարածքում ագրեսոր երկրի (Ռուսաստանի) և ռուսամետ ահաբեկչական կազմակերպությունների պատվերով ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ:
Մարտի 15-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն տեղեկացրել է ուկրաինական խորհրդարանին, որ Նադեժդա Սավչենկոն, հետաքննության տվյալներով, ներգրավված է եղել ահաբեկչությունների, մասնավորապես՝ Գերագույն ռադայի նիստերի դահլիճում պայթյունների նախապատրաստման գործում:
Սավչենկոն, իր հերթին, հայտարարել է, որ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները համարում է «լավ մեղադրանքներ»: