ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Բրիտանիան գաղտնի է պահելու Սկրիպալի գործով տեղեկությունները
Ռուսաստանը վստահ է, որ Մեծ Բրիտանիան գաղտնի կպահի Սերգեյ և Յուլիա Սկրիպալների գործի հետաքննության բոլոր տվյալները, ինչպես դա արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոյի, գործարար Բորիս Բերեզովսկու գործերի ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ բրիտանական կողմն առաջին անգամը չէ, որ կեղծում է հնչեղ միջադեպերի տվյալները:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «տոննաներով փաստաթղթեր» է ուղարկել Լոնդոն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ինչու են այդ գործերը և դրանց մասին տեղեկությունները գաղտնի պահվում: Բրիտանական կողմն ի պատասխան նշել է, որ դա «ազգային անվտանգության հարց է»:
Զախարովան հավելել է, որ Սկրիպալի գործով ևս որևէ տեղեկություն չի փոխանցվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում թունավորել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը, ինչի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին: