Ամուլսարի հանքի շահագործումը չի կարող վտանգել Սևանա լիճը, գետերը չեն կարող վերև հոսել. Բարդուխ Գաբրիելյան
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը կարծում է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ արշավ է սկսվել, այն դեպքում, երբ ըստ նրա, միայն Ամուլսարի դեպքում է, որ շահագործման համար պահանջվող նորմատիվները պահպանվում են, մասնագետների կարծիքը հաշվի է առնվում:
Tert.am-ի հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են Ամուլսարի կենսաբազմազանությունը և հնարավոր ազդեցությունը կենսաբազմազանության վրա և հանքի շահագործումը չի կարող վտանգել Սևանա լիճը:
«Ես չեմ ուզում, որ աբսուրդի հասնի, բայց տպավորություն է, որ Ամուլսարի դեմ արշավ է արվում, և անհասկանալիորեն առանձնացնում են: Ինչո՞ւ նույն ահազանգողները չէին բարձրացնում Սոթքի հանքի խնդիրը, որը քանի տարի աղտոտում է հենց Սևանը, ստացվում է ուղիղ ազդեցության մասին չի խոսվում, իսկ քիչ վտանգ ունեցողների մասին անվերջ խոսում են»,- ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը նշեց, թե բնապահպաններին նույն հարցն է տվել, ասել են, որ նրանց համար ուշ է՝ չեն կարող ազդել, «գոնե սրա դեմն առնենք»: «Բայց ո՞նց կարելի է, պետք է պայքարը շարունակեն, որ չաղտոտեն, թող նորմայով աշխատեն: Ինչո՞ւ Թեղուտի մասին չեն խոսում, ահավոր անտառներ, գետեր վերացնում են, այս բոլոր դեպքում լռում են, կպել են Ամուլսարից»,-ասաց նա:
Գաբրիելյանը պնդում է, թե Ամուլսարի հանքի շահագործումը չի կարող ահագնացող ազդեցություն ունենալ ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ջրերի վրա, ինչպես պնդում են բնապահպանները:
«Նախ նախատեսվող հանքավայրերից ցածր է, քան Սևանի Կեչուտը, որտեղից գնում է ջուրը, որովհետև ոչ մի տարբերակ չկա, գետերը չեն կարող վերև հոսել, ավելի ներքևի վրա է ազդում: Կարող է փոշին ազդի, որ գնա հասնի Ջերմուկ և այլն, բայց իրենք ասում են, եթե նորմատիվներ պահեն, այդ փոշին էլ չի լինի»,- ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը հավատացրեց, թե ինքը Ամուլսարի հանքի շահագործումը չի խրախուսում: «Չեմ պաշտպանում, ասեմ նա լավն է, նա վատն է, թեկուզ ասեմ, որ բոլորի հանքերի մեջ Ամուլսարը միակն է, որը կատարում է օրենքով նախատեսված միջոցառումները»,-ասաց նա: