ԵՄ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել ՀՀ-ին հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության ոլորտում. Պ. Սվիտալսկի
Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրինագիծ, հաշմանդամություն ունեցող անձանց համար շատ լուրջ քայլ է․ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» կազմակերպած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագծի քննարկմանն այսպես ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Օրենքը ոչ միայն արտացոլում է միջազգային հանձնառություններն ու պարտականությունները, որոնք ստանձնել է Հայաստանը, այլ նաև արտացոլում է արժեքների ընդհանրացումը: Այս օրենքը մարմնավորումն է եվրոպական արժեքների: Եվրամիության հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ չի կարող որևէ երկրորդ կարգի քաղաքացի մեր հասարակությունում խտրականության ենթարկվել: Այս պարզ սկզբունքը արտացոլված է մեր իրավունքների խարտիայում, որը պարունակում է շատ հստակ դրույթներ խտրականության արգելքի մասին»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդ դրույթները շատ լավ կիրառվում են ոչ միայն ԵՄ անդամ պետությունների կողմից, այլ նաև այն երկրների կողմից, որոնք ձգտում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ:
«Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շատ հստակ ձևակերպումներ ունի այս ոլորտում մեր համագործակցության մասին: 85-րդ հոդվածն ասում է՝ ապահովենք այնպիսի սոցիալական համակարգեր, որոնք ինտեգրում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց և պայքարել խտրականության դեմ»,- ասաց նա:
Ըստ ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել այս ոլորտում հայաստանյան իշխանություններին՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և կիրարկման մեխանիզմ:
«Կառավարության մեր գործընկերների հետ երեկ քննարկել էինք մարդու իրավունքների բյուջետային աջակցության գործիքների կիրառումը, որոնք ուղղված են կոնկրետ ծրագրերի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ կարիքներին, և մենք խրախուսում ենք մեր գործընկերներին օգտագործել այդ գործիքները,- ասաց նա՝ հավելելով, որ հատուկ կարիք ունեցողներն ունեն իրավունք արժանանալու հավասար վերաբերմունքի և հավասար դերակատարության և դերի ցանկացած ոլորտում,- ես ուզում եմ, որ բոլորս բաց լինենք հատուկ կարիքներով անձանց համար: Մենք պատրաստ ենք աջակցել այս շատ ազնիվ նպատակին, որն ամբողջ հասարակության ջանքը պիտի լինի»: