ՌԴ ՊՆ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը զանգվածային DDoS հարձակման է ենթարկվել ռուսական արտադրության նորագույն սպառազինման անվանման շուրջ քվեարկության եզրափակիչ փուլի ընթացքում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, նորագույն զինատեսակների անվանումների շուրջ քվեարկության վերջին օրվա ընթացքում նախարարության կայքի վրա յոթ DDoS հարձակում է իրականացվել: Գերատեսչության տվյալներով՝ դրանցից 5-ը միջին ինտենսիվության են եղել, իսկ երկուսը, որոնք տեղի են ունեցել երեկոյան, առավել հզոր են եղել:
Նախարարությունից նշել են, որ քվեարկության վերջին րոպեներին կայքում ստացվող դիմումների քանակը ամենաթեժ պահին կազմել է տասնյակ հազարներ վայրկյանում: Վերջին մեկ ժամում ևս 600 000 այցելու ողջ աշխարհից իրական ժամանակի ռեժիմում հետևել է քվեարկության արդյունքներին: