Դատավորը թույլ է տվել ՔԶԱԿ-ի հետազոտության համար արյան փորձանմուշ վերցնել կոմայում գտնվող Սկրիպալներից
Անգլիացի դատավոր Դևիդ Ուիլյամսը հինգշաբթի հայտնել է, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալից և նրա դուստր Յուլիայից կարող են արյուն վերցնել Քիմիական զենքն արգելող կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննությունների համար:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորված Սկրիպալները կոմայում են գտնվում: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Նրանք գտնվում են Սոլսբերի քաղաքի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, որը Ռուսաստանին է մեղադրում Սկրիպալներին թունավորելու գործում, միջադեպի հետաքննությունը փոխանցել է ՔԶԱԿ-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը թունավորվել են մարտի 4-ին՝ միասին փաբ այցելելուց հետո: