ԵՄ երկրները Սկրիպալի գործով հավելյալ միջոցներ կձեռնարկեն մարտի 26-ին. Դոնալդ Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 26-ին, Եվրամիության երկրները հավելյալ միջոցներ կձեռնարկեն՝ կապված Մեծ Բրիտանիայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
«Հավելյալ քայլերն սպասվում է ընդունել արդեն երկուշաբթի՝ ազգային մակարդակներով», - Russia Today-ը մեջբերում է Տուսկին:
ԵՄ երկրներն ավելի վաղ կայացած գագաթնաժողովի արդյունքում Սկրիպալի գործով գործնական միջոցներ չեն ընդունել Ռուսաստանի դեմ:
Տուսկը նշել է, որ մարտի 23-ին Եվրամիության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը համաձայնել է Մեծ Բրիտանիայի տեսակետի հետ առ այն, որ Ռուսաստանը, հավանաբար, պատասխանատվություն է կրում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:
Նշենք, որ նախօրեին բրիտանացի դատավորը թույլ էր տվել փորձաքննություն իրականացնելու համար արյան նմուշ վերցնել կոմայում գտնվող Սկրիպալներից: