Հայաստանում աստղերն ավելի մոտ են. տեսահոլովակ՝ նվիրված զբոսաշրջության զարգացմանը
Ցանցում է հայտնվել «Հայաստանում աստղերն ավելի մոտ են» վերնագրով տեսահոլովակ, որում երկուսուկես րոպեի ընթացքում ներկայացվում է Հայաստանն իր գույներով ու տեսարժան վայրերով: Տեսահոլովակի ստեղծման նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է:
Տեսահոլովակում նկարահանվել են Ռուսաստանում բնակվող հայտնի հայեր՝ տարբեր ոլորտներից։ Նրանք ներկայացնում են մայր հայրենիքից ստացած իրենց տպավորությունները։ Հայտնի ու սիրված շոումեն Միխայիլ Գալուստյանն, օրինակ, նշում է, որ Հայաստանն այն երկիրն է, որը կարող է հիացնել ու զարմացնել։ Երգչուհի Քրիստինա Սիի համար Հայաստանը հրաշքների երկիր է։
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի համար Հայաստանի հարստությունը մարդիկ են ու հուշարձանները։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Նոբել Առուստամյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը, Արմեն Ջիգարխանյանը և այլ հայտնի ու սիրված հայեր։
Tert.am–ին հաջողվեց պարզել, որ սա Հայաստանում զբոսաշրջության խթանման համար տեսահոլովակների շարքի առաջին տեսանյութն է, և ապագայում այս ֆորմատի նոր տեսանյութեր լինելու են: Շարքը ստեղծվել է Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ: