ԱՄՆ-ն շատ շուտով կհեռանա Սիրիայից. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից: Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Պենտագոնն ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտությունը, գրում է CNN-ը:
«Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությանը» (ԻՊ ահաբեկչական խմբավորում): Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները մտածեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր՝ այնտեղ, որտեղ մեր տեղն է, որտեղ մենք ուզում ենք լինել»,-հայտարարել է Թրամփն Օհայո նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Մինչդեռ ԱՄՆ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկը, որը քաջատեղյակ է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարվող ռազմարշավի ընթացքին, ընդգծել է, որ չի հասկանում, թե նախագահի ասածն իրականում ինչ է նշանակում: Պաշտոնյայի խոսքով՝ այժմ այնպիսի դրություն է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու ժամանակը չէ: