Քաղաքացուց 16 800 դոլար են հափշտակել ՊՆ-ից բնակարան ստանալու պատրվակով
Քաղաքացիները ներկայացել են որպես անշարժ գույքի գործակալ, Պաշտպանության նախարարությունում ծանոթ ունեցող անձ ու Երևանի քաղաքապետարանի աշխատակից քաղաքացուց հափշտակել է 16 800 ԱՄՆ դոլար: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործով ամբաստանյալ է չորս անձ:
Խաչատուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ․ նախնական համաձայնության գալով Աբրահամ Ստեփանյանի, Ռուբեն Գալստյանի, Սարգիս Ռաշոյանի և Կարեն Սահակյանի հետ, Ալեքսան Պետրոսյանից խարդախությամբ, ներկայանալով որպես անշարժ գույքի գործակալ և ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձ, ՀՀ պաշտպանության նախարարությունից բնակարան ստանալու պատրվակով վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր 16․800 ԱՄՆ դոլար:
Խաչատուր Վարդանյանին, Աբրահամ Ստեփանյանին և Ռուբեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Սարգիս Ռաշոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. Ալեքսան Պետրոսյանից խարդախությամբ, ներկայանալով որպես Երևան քաղաքի քաղաքապետարանի ֆոնդային բաժնի աշխատակից, ՊՆ-ից բնակարան գնելու համար թղթեր ձևակերպելու պատրվակով, վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար, որը նույն օրը տարել և տվել է Խաչատուր Վարդանյանին:
Ռաշոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելը:
Խաչատուր Վարդանյանի նկամամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դավոր Գագիկ Պողոսյանին: