Գերմանիայում վրաերթ իրականացրած տղամարդը հոգեկան շեղումներ ունեցող գերմանացի էր. լրատվամիջոցներ
Տղամարդը, որը Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարով վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, գերմանացի է եղել, որը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին հայտնում է «Դոժդ» հոռուստաալիքի կայքը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցին:
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1969-ին: Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում նրա տանը: Նշվում է, որ դեռևս հանցանշաններ չկան՝ կատարվածը ահաբեկչություն որակելու համար:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հարձակումն անվանել է բռնության զազրելի և ահավոր դրսևորում, և աջակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու տուժածներին:
Մյունստերի ոստիկանությունը հայտնել է, որ վրաերթից հետո վտանգը քաղաքում տեղայնացվել է և այլ կասկածյալների որոնումներ չեն իրականացվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանները ևս երկու մարդու են որոնում: Ականատեսներից ոմանք նշել էին, որ բեռնատարում մի քանի հոգու են նկատել վրաերթի պահին:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի պատմական կենտրոնում. բեռնատարն ընթացել է ռեստորանի՝ փողոցում նստած այցելուների ուղղությամբ: Ինչպես արդեն հաղորդվել էր կատարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել: Ավելի վաղ հաղորդվում էր 30 վիրավորի մասին: Վարորդը հարձակումից հետո ինքնասպան է եղել: