ՌԴ ԱԳՆ-ը Վաշինգտոնին մեղադրել է Սիեթլում ՌԴ հյուպատոսի նստավայրը գրավելու համար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսության տարածք ԱՄՆ իշխանությունների ներխուժման հետ կապված իրավիճակը:
«Շտապեք տեսնել. ամերիկյան իշխանություններն սկսել են Սիեթլում ռուսական Գլխավոր հյուպատոսության կառույցների համալիրի գրավումը: Հազվագյուտ տեսարան է. պետական գրավում է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները ներխուժել են հյուպատոսության տարածք և մտել շենք:
Ռուսաստանի դեսպանությունն այս գործողություններն անվանել է դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում և խոստացել, որ Մոսկվան պատասխան միջոցներ կկիրառի:
Հիշեցնենք, որ բոլոր դիվանագետները նախօրեին հեռացել էին դիվանագիտական կառույցից: Դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը դադարեցրել էր ապրիլի 2-ին: